Պատշաճ կլինիկական գործունեություն

«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն առաջարկում է առցանց դասընթաց «Պատշաճ կլինիկական գործունեություն» թեմայով։ Դասընթացը կազմակերպվել և անց է կացվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-ՍԻ) աջակցությամբ։

Մասնակիցների համար նախատեսված է առցանց դասընթացների անցկացման երկու հնարավորություն, որոնք կտրամադրվեն հետևյալ կառույցների կողմից.

  • Լոնդոնի Ռոյալ Հալլոուվեյ համալսարան, Մեծ Բրիտանիա;
  • Մայամի համալսարանի Միլլեր Սքուլ օֆ Մեդիսին, ԱՄՆ:

Համաձայն միջազգային ստանդարտների, թե նորաստեղծ և թե գեներիկ դեղերը, մինչև շուկայում շրջանառվելը, պետք է ենթարկվեն կլինիկական փորձարկման՝ դրանց անվտանգությունը և արդյունավետությունը գիտականորեն արժևորելու ու հիմնավորելու նպատակով:

Պատշաճ կլինիկական գործունեությունն իրենից ներկայացնում է մարդու, որպես սուբյեկտ, մասնակցությամբ իրականացվող փորձարկումների նախագծման, իրականացման, արձանագրման և հաշվետվության միջազգային էթիկական և գիտական որակի ստանդարտ:

Այս ստանդարտին հետևելը հասարակության համար հանդիսանում է երաշխիք, որ փորձարկման սուբյեկտի իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը պաշտպանված են, համաձայնեցված են Համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան սկզբունքների հետ և կլինիկական փորձարկումները հավաստի են:

Առցանց դասընթացը (online course) հնարավորություն է տալիս ցանկացողներին մուտք գործել և մասնակցել դասընթացին ցանկացած վայրից և օրվա ցանկացած պահին։

Առցանց դասընթացի ավարտին, համապատասխան առցանց քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, մասնակիցներին կտրվի համաշխարհային ճանաչում ունեցող վկայական։

Դասընթացներին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը մասնակիցներին կարող է տրամադրել համապատասխան աշխատանքային պայմաններ (համակարգիչ և այլն), ինչպես նաև Կենտրոնի մասնագետները պատրաստ են դասընթացների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել։

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ ուղարկելով մասնակցության հայտ gcp@gxp.am էլ. փոստի հասցեին կամ օգտվելով մեր կայքում տեղադրված առցնաց դիմելու հնարավորությունից։