«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն անցկացրեց «Պատշաճ բաշխման գործունեության» դասընթաց, Հոկտեմբեր 14-15, 2010

gdp-training-newsՀայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը հոկտեմբերի 14-15-ն անցկացրեց Եվրոմիության «Պատշաճ բաշխման գործունեության» (ԵՄ ՊԲԳ)- Good Distribution Practice (EU GDP) ուղեցույցների կիրառմանը նվիրված դասընթաց, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ: Դասընթացը վարեց ՀՀ առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ինստիտուտի (ԱԱԻ) դեղագիտության ամբիոնի ասիստենտ, գիտությունների թեկնածու, «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնի որակավորված դասընթացավար Անահիտ Սևիկյանը։

Ըստ «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի, դասընթացին մասնակից դեղ արտադրող, արտահանող և ներմուծող 6 ընկերությունների ներկայացուցիչները լիարժեք գիտելիքներ ստացան դեղագործական արտադրանքի պահպանման և բաշխման համար որակի ապահովման համակարգային գործընթացի, ԵՄ ՊԲԳ ուղեցույցի հիմնական տարրերի, դեղագործական արտադրանքի մատակարարների հիմնական խնդիրների, որակի ապահովման և ԵՄ ՊԲԳ ուղեցույցի կիրառման մասին։

Դասընթացի թեմաներն էին ԵՄ օրենսդրությունը, ԵՄ ՊԲԳ հրահանգները, ուղեցույցները և սկզբունքները, դրանց կիրառումն ապահովող անձնակազմին, կիրառման գործընթացի փաստաթղթավորմանը, շինություններին (հարակից տարածքով), սարքավորումներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ հաճախորդներին առաքման, արտադրանքի վերադարձի և հետկանչի գործընթացները, տեղեկատվության տրամադրման պայմանները, ինքնատեսչական ստուգումները։ Քննարկվեցին նաև դեղագործական արտադրանքի պատշաճ բաշխման գործունեության ոլորտի արդի թեմաներ։ Անցկացվելիք աշխատաժողովներից մեկի խորագիրն էր «Ինչպես նվազեցնել ռիսկը արտադրանքի տեղափոխման ընթացքում», մյուսինը՝ «Նպաստող գործոններ. ջերմաստիճանի տատանումները տեղափոխման ընթացքում»։ Դասընթացի մասնակիցները ԵՄ ՊԲԳ ուղեցույցի գործնական կիրառմանը ծանոթացան դեղագործական արտադրանք ներմուծող և իրացնող «Տոնուս-Լես» ընկերությունում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր՝ վավերացված CAPS-ի, «Ջի Էքս Պի» Գերազանցության կենտրոնի և ԴԱՆ Միության ղեկավարների կողմից։