«Ջի Էքս Պի» ԳԿ-ի տնօրենը դասախոսեց դեղագործության ոլորտի առաջին «Ամառային Դպրոցում», Հուլիս 15, 2010

summer-school-newsՀուլիսի 15-ին «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը դեղագործության ոլորտի առաջին «ամառային դպրոցի» ունկնդիրների հետ անցկացրեց «ՊԱԳ չափանիշների ներդրումը Հայաստանում» դասընթացը։ Նա երկշաբաթյա «ամառային դպրոցի» մասնակիցներին ներկայացրեց Եվրոմիության ՊԱԳ (EU Good Manufacturing Practice) ստանդարտների ներդրման ընթացքը Հայաստանում։  Ա.Ղազարյանը խոսեց նաև «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի անցած աշխատանքային ուղու, Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության հետ համատեղ անցկացվող «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» քարոզարշավի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։

«Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրության գծով փոխտնօրենը լինելով՝ Ա.Ղազարյանն անդրադարձավ նաև այդ ձեռնարկության անցած ճանապարհին և մոտ ապագայի անելիքներին՝ կապված նոր գործարանի կառուցման ավարտական փուլի հետ։

Նշենք, որ «ամառային դպրոցը» կազմակերպվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից։ Դեղագործության ոլորտն ուսումնասիրող 30 ուսանողները ներկայացնում են Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ԵՊՀ դեղագործական քիմիայի ֆակուլտետը, Երևանի Մեհրաբյանի անվ. բժշկական ինստիտուտը: Դասընթացների մասնակիցները գիտելիքներ են ստանում դեղագործության ոլորտի ամենատարբեր սեգմենտների վերաբերյալ, քննարկում առանձին մասնագիտությունների համար պահանջվող անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, ծանոթանում տվյալ բնագավառում բիզնեսի կազմակերպման և կառավարման միջազգային փորձին, ինչպես նաև սովորում են մշակել ռազմավարական հայեցակարգ, ձևավորել աշխատանքային պլան և համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ: