Մեկնարկեց դեղագործական ոլորտի որակի չափանիշներին նվիրված դասընթացը, դեկտեմբերի 9, 2009

news1Այսօր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող« «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի և վերջերս հիմնադրված «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց «Դեղագործական արտադրանքի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ԵՄ ուղեցույցներ» թեմայով դասընթացը: Այն նպատակ ունի հարստացնել ոլորտի մասնագետների` ԵՄ ՊԱԳ պահանջների իմացությունը: Մասնակցում են հայաստանյան դեղարտադրող ընկերությունների 12 ներկայացուցիչներ: Դասընթացը վարում են ՊԱԳ դասընթացավարի միջազգային որակավորում ունեցող հայ փորձագետ-դասընթացավարներ:


Հայաստանի դեղագործական ոլորտը նշանակալի քայլեր է ձեռնարկում ՊԱԳ ներդրման ուղղությամբ: ՊԱԳ-ը դեղագործական արտադրանքի որակի չափանիշ է, որով այսօր դեղ արտադրելիս կամ ներմուծելիս առաջնորդվում են աշխարհի երկրների գերակշիռ մասը: Հայաստանում, այնուամենայնիվ, տեղական դեղագործական ընկերությունների շրջանում CAPS-ի անցկացրած ուսումնասիրությունները բացահայտել են ՊԱԳ-ի վերաբերյալ գիտելիքների անբավարարություն:

Հաշվի առնելով այս փաստը, ուսումնասիրելով և գնահատելով Հայաստանի դեղարտադրող ձեռնարկությունները` CAPS ծրագրի միջազգային դեղագործական խորհրդատուներ Մայքլ Կիմբերը և Ալեն Կուպֆերմանը 2008թ. մշակեցին ՊԱԳ վերապատրաստման դասընթացի ծրագիր` հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՊԱԳ հիմնական և լրացուցիչ վերապատրաստման մոդուլների վրա` ձևափոխելով և տեղայնացնելով դրանք Հայաստանում ԵՄ ՊԱԳ պահանջների կիրառելիության տեսանկյունից: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Վերոհիշյալ միջազգային խորհրդատուների դասավանդմամբ էլ 2009թ. մայիս-հունիս ամիսներին Հայաստանի դեղարտադրողների համար առաջին անգամ անցկացվեց «Դեղագործական արտադրանքի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ԵՄ ուղեցույցներ» թեմայով դասընթացը, որին հաջորդեց նաև ՊԱԳ դասընթացավարների վերապատրաստման դասընթաց:

Այսօր վերապատրաստված տեղացի 17 դասընթացավարներից 4 ամենաբարձր միավորներով գնահատվածները կիսում են իրենց փորձը նոր սովորողների հետ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի միջոցով, (որը հիմնվել է ոլորտի շահագրգիռ կողմերի նախաձեռնությամբ) ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով։ Դասընթացի պաշտոնական մեկնարկի ժամանակ իր ելույթում CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը կարևորեց որակի բարձր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը Հայաստանի դեղագործության ոլորտում` հույս հայտնելով, որ դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքները կկիրառեն պրակտիկայում: «CAPS ծրագիրը պատրաստ է աջակցելու այնպիսի ծրագրերի, որոնք խթանում են համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև»,- հավելեց նա: