Երեվանում մեկնարկեց դեղագործական մարկետինգի դասընթացը, հոկտեմբերի 16, 2009

news3Այսօր Երևանում մեկնարկեց դեղագործական մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար: Հնգօրյա դասընթացը համատեղ կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը և վերջինիս նախաձեռնությամբ, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության միջոցով վերջերս հիմնադրված «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը: Դասընթացի նպատակներից առանցքայինն է աջակցել հայկական դեղարտադրողների գործունեության արդյունավետությանը և օգնել նրանց ընդլայնել հայկական դեղագործական արտադրանքի առաջխաղացումը ինչպես տեղական, այնպես էլ արտահանման շուկաներում:


Ներկայումս հայկական դեղագործական արտադրանքը զբաղեցնում է տեղական շուկայի միայն 10 տոկոսը: CAPS ծրագրի կողմից այս տարվա սկզբին իրականացված հայրենական դեղագործական արտադրանքի ընկալման վերաբերյալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայկական ծագման դեղերի վարկանիշը բարձր չէ: Հարցվողների մեծամասնությունը համոզված է, որ ներմուծվող դեղերն ավելի բարձորակ են: Սա մասամբ պայմանավորված է նաև արտադրողների կողմից իրականացվող ոչ այնքան արդյունավետ մարքեթինգային գործունեությամբ:

Հետազոտությունն իրականացնողների եզրակացմամբ, անհրաժեշտ է, որպեսզի հայկական դեղարտադրողներն ավելի ակտիվ մարքեթինգային գործունեություն ծավալեն` փոխելու համար հայկական ծագման դեղերի վերաբերյալ մարդկանց ընկալումը:

Մինչդեռ շատ դեղ արտադրողներ ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքի փաթեթը առկա շուկաներում և ընդլայնել արտահանման շուկաները, ընկերությունները պոտենցիալ շուկաների վերաբերյալ ունեն սահմանափակ գիտելիքներ և տեղեկատվություն։

Հաշվի առնելով մարքեթինգային գիտելիքների և տեղական ու արտահանման շուկայում արդյունավետ կարողությունների պակասը, դասընթացի կազմակերպիչները իրականացնում են դեղագործության ոլորտի ընդհանուր մարքեթինգային դասընթաց։ Դասընթացը վարում է դեղագործական մարքեթինգի մասնագետ Գերիտ տեն Հունտեն, ով ունի ավելի քան 30 տարվա փորձ այդ բնագավառում: Մասնակցում են ընկերությունների ներկայացուցիչներ, բիզնես ծառայություն մատուցողներ, հանրային ծառայողներ, Դեղ արտադրողների և ներմուծողների միության ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Տեղական շուկան բավականին փոքր է հայրենական արտադրողների համար արտադրանքի իրացման տեսանկյունից, իսկ արտահանման շուկա մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք տիրապետեն մարքեթինգի հիմնական գործիքներին: Դասընթացը հիանալի հնարավորություն է ընձեռում մասնակիցներին` ծանոթանալու արտահանման մարքեթինգի առանձնահատկություններին»,- նշեց CAPS ծրագրի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը:

Դասընթացին զուգահեռ դեղարտադրող ձեռնարկությունները կստանան անհատական խորհրդատվություն, որին կհաջորդի դեղագործական մարքեթինգի ավելի խորացված դասընթաց: