Դեղերի որակի ապահովման մասին գիտելիքների բարելավում, դեկտեմբերի 4-11, 2009

news2Դեկտեմբերի 4-ին և 5-ին «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից իրականացվեց դասընթաց «Դեղագործական արտադրանքի պատշաճ բաշխման գործունեության ԵՄ ուղեցույցները» թեմայով: Վերջերս հիմնադրված «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի հետ համատեղ կազմակերպված դասընթացը վարում էր միջազգային փորձագետ դոկտոր Մայքլ Կիմբերը: Դասընթացին մասնակցում էր Հայաստանի դեղ արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի 22 ներկայացուցիչ: Դասընթացի նպատակն էր զարգացնել առանձին ընկերությունների բաշխման և մատակարարման ցանցում որակի ապահովման համակարգի կազմակերպման կարողությունները, ինչը թույլ կտա ապահովել հիվանդներին որակյալ դեղերով` ըստ ԵՄ ՊԲԳ (պատշաճ բաշխման գործունեություն) պահանջների:


Դեկտեմբերի 9-11-ը Մայքլ Կիմբերի կողմից իրականացվեց պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) աշխատավայրի գնահատման թեմայով դասընթաց, որում ընդգրկվեցին 2009թ. մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած ՊԱԳ դասընթացի 12 մասնակիցները: Վերջինիս նպատակն էր ստեղծել գնահատողների խումբ, որը կկարողանա գնահատել ընկերություններում իրականացվող ՊԱԳ վերապատրաստման դասընթացները և դասընթացավարներին: ՊԱԳ դասընթացավարները մշակելու են աշխատավայրում վերապատրաստման իրենց սեփական ծրագրերը և գնահատման փաստաթղթերը՝ ստանդարտացված չափորոշիչների հիման վրա:

Ահա թե ինչ են նշում մասնակիցները. «Մենք կարողացանք ճիշտ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են կատարվում աշխատավայրի գնահատումները»։ «Ես մանրամասն տեղեկացա գնահատման կարևորության և մեթոդների մասին»։ «Սա դեղագործական արտադրանքի պահպանման և բաշխման գործընթացների ճիշտ կազմակերպման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումների կայացման մասին գիտելիքների բարելավման մեծ հնարավորություն էր մեզ համար»:

Երկու դասընթացներն էլ կազմակերպվել են նորաստեղծ «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի հետ համագործակցությամբ, որը, մասնավորապես, զբաղվում է դասընթացների խթանման, մասնակիցների հավաքագրման և ընտրության հարցերով: Դասընթացները նպաստեցին դեղերի որակի ապահովման մասին գիտելիքների բարելավմանը և ընդլայնեցին CAPS ծրագրի աջակցությամբ հիմնադրված «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կարողությունները: