Անցկացվեց դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը, Հունվար 29-30, 2011

mwt-2-newsՀայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) Միությունը ու «Ջի Էքս Պի» Գերազանցության Գիտական Կենտրոնը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի, ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ու մի շարք այլ պետական կառույցների աջակցությամբ, Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հանգստյան տանը հունվարի 29-ից 30-ը անցկացրեցին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը։

Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 50 կազմակերպությունների 80-ից ավելի ղեկավարներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ 30 դեղագործական ընկերություններից (դեղ արտադրողներ, ներմուծողներ և դեղագործական օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչություններ), առողջապահության համակարգի, մասնավորապես դեղագործության ոլորտի պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև միջազգային, աջակցության ծրագրեր իրականացնող, ֆինանսական, խորհրդատվական, հասարակական և գիտահետազոտական կազմակերպություններից։

Երկօրյա հանդիպմանը մասնակցեցին ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը ու Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Վահրամ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականներ Սուրեն Քրմոյանը և Արման Մելքոնյանը:

Մինչ պետության կողմից մասնավոր հատվածին աջակցության հնարավորությունները ներկայացնելը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ 2010-ի առաջին 11 ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ դեղերի արտադրության ծավալն աճել է 18.7 տոկոսով, այն դեպքում, երբ արդյունաբերության ընդհանուր աճը կազմել է ընդամենը 5.7 տոկոս։ Նա նաև հայտնեց, որ Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվելու են այնպես, որ այն մրցունակ լինի հարևան երկրների բիզնես միջավայրի նկատմամբ։ Կարևորվեց սարքավորումների ձեռքբերման համար 300 մլն դրամ ներդրում կատարող ձեռնարկությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկի գանձումը 3 տարով հետաձգելու գործիքի կիրառումը։ Այդ արտոնությունից օգտվելու է նաև ՀՀ կառավարությանը համապատասխան հայտ ներկայացրած մեկ դեղագործական ընկերություն։ Ներկայացվեցին նաև պետության կողմից արդեն կիրառվող վարկավորման գործիքները, ինչպես նաև «ժամանակավոր ռեժիմով» սարքավորումների ներմուծման համար ԱԱՀ-ի հարկման մոտ ապագայում տրամադրվելիք արտոնությունը։

Միջոցառման առաջին օրը ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը ներկայացրեց «ԴԱՆ Միության՝ Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպման և ընկերությունների շահերի պաշտպանության տեսլականը», ինչպես նաև «ԴԱՆ Միության Մարքեթինգային գործունեության կանոնագիրքը», CAPS ծրագրի գործարար միությունների մասնագետ Արմեն Շահբազյանը՝ «Դեղագործական միությունների դերը տարբեր երկրներում», «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ի Քաղաքացիական հասարակության ծրագրերի տնօրեն Արսեն Ստեփանյանը՝ «Հայաստանի գործարար միություններ. ռազմավարություն և հնարավորություններ» զեկուցումը, «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը՝ բանկի կողմից դեղագործական բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները։ Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի իրավական հարցերով խորհրդական Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Դեղագործական ոլորտի զարգացումները Հայաստանում» թեման, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը՝ «Հայաստանում պատշաճ բաշխման գործունեության (GDP) կանոնների ընդունման հնարավորությունները, խնդիրները և մարտահրավերները. Եվրոմիության GDP կանոնների ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի կողմից թարգմանված նախնական տարբերակ» թեման, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի ու Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի հետ քննարկեցին հարկային և մաքսային ոլորտների՝ դեղերի և դեղանյութերի շրջանառության ու ներմուծման բնագավառներին առնչվող խնդիրները։

Հունվարի 30-ին «Հայկական դեղագործական ասոցիացիա»-ի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագիր» թեման. նախատեսվում է , որ համապատասխան ծրագիրը այդ կազմակերպությունը և ԴԱՆ Միությունը կիրականացնեն «Հայկական բժշկական ասոցիացիա»-ի և «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի հետ համատեղ՝ 2010-ի նոյեմբերին կնքված Համագործակցության հուշագրի շրջանակներում։ «Դարմանթեսթ Լաբորատորիս» ընկերության լաբորատորիայի վարիչ Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց «Կենսահամարժեքության դերը դեղերի որակի ապահովման համակարգում» զեկուցումը, ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Ս.Զաքարյանը՝ Միության կողմից հրատարակվելիք «Ֆարմա» դեղագործական մասնագիտացված գիտահանրամատչելի հանդեսը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը՝ «Դեղերի ոլորտի զարգացման հեռանկարները» թեման, իսկ նույն կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը՝ «Դեղերի գրանցման գործընթացի բարեփոխումները»։

Ամփոփելով դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպման արդյունքները՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Ս.Խաչատրյանը նշեց, որ միջոցառման ժամանակ քննարկվեցին ՀՀ դեղերի քաղաքականության սկզբունքներին առնչվող հարցեր, որոնց լուծումը կախված կլինի պետություն-մասնավոր հատված համագործակցության համակարգումից։ Նա հույս հայտնեց, որ ԴԱՆ Միությունը այսուհետ ևս կնպաստի նշված հարցերի լուծման գործընթացի արագացմանը։

ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը հանդիպման արդյունք համարեց երկխոսության հիմք դնելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «բոլորս համոզվեցինք, որ թե՛ կառավարության և թե՛ մեր կողմից անցնելիք ճանապարհները հիմնականում համընկնում են»։ Ըստ նրա, «հանդիպումը ցույց տվեց, որ մենք կարող ենք համագործակցել ի շահ բոլորիս»։