«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն անցկացրեց «Պատշաճ բաշխման գործունեության» դասընթաց, դեկտեմբերի 9-10

gmp-newsՀայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը դեկտեմբերի 9-10-ն անցկացրեց Եվրոմիության «Պատշաճ բաշխման գործունեության» (ԵՄ ՊԲԳ)- Good Distribution Practice (EU GDP) ուղեցույցների կիրառմանը նվիրված դասընթաց, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ: Դասընթացը վարեց ՀՀ առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության  ազգային ինստիտուտի (ԱԱԻ) դեղագիտության ամբիոնի ասիստենտ, գիտությունների թեկնածու, «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնի որակավորված դասընթացավար Անահիտ Սևիկյանը։

Հինգ ընկերությունների 8 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված դասընթացի թեմաներն էին ԵՄ օրենսդրությունը, ԵՄ ՊԲԳ հրահանգները, ուղեցույցները և սկզբունքները, դրանց կիրառումն ապահովող անձնակազմին, կիրառման գործընթացի փաստաթղթավորմանը, շինություններին (հարակից տարածքով), սարքավորումներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ հաճախորդներին առաքման, արտադրանքի վերադարձի և հետկանչի գործընթացները, տեղեկատվության տրամադրման պայմանները, ինքնատեսչական ստուգումները։ Քննարկվեցին նաև դեղագործական արտադրանքի պատշաճ բաշխման գործունեության ոլորտի արդի թեմաներ։ Անցկացված աշխատաժողովներից մեկի խորագիրն էր «Ինչպես նվազեցնել ռիսկը արտադրանքի տեղափոխման ընթացքում», մյուսինը՝ «Նպաստող գործոններ. ջերմաստիճանի տատանումները տեղափոխման ընթացքում»։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր՝ վավերացված CAPS-ի, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի և ԴԱՆ Միության ղեկավարների կողմից։